Իրանը Եգիպտոսից զբոսաշրջիկների եւ ձեռնարկատերերի համար կվերացնի մուտքի վիզաները, հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
«Եգիպտոսից Իրան ժամանող զբոսաշրջիկների եւ ձեռնարկատերերի համար կվերացվեն մուտքի վիզաները: Եգիպտական հեղափոխությունից հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները բարձր մակարդակում են, եւ ամեն օր մենք դեպի առաջ նոր քայլ ենք կատարում», - «Աշ Շարք Ալ Աուսաթ» տեղեկատվական գործակալությանը հայտնել է Սալեհին:
Նա նշել է, որ վիզաների վերացման վերաբերյալ հայտարարությունը կարվի փետրվարի 7-ին` ԻՀԿ-ի գագաթաժողովի աշխատանքի ավարտի երկրորդ եւ եզրափակիչ օրը:
Իսլամիստական համագործակցության կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպումը բացվել էր փետրվարի 6-ին` Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: Կազմակերպության 12-րդ գագաթաժողովին մասնակցում է 56 երկիր, որոնցից 26-ը ներկայացնում են պետությունների առաջնորդները, հայտնում է ՎԶԳԼՅԱԴ-ը:
ԻՀԿ-ի գագաթաժողովում լրագրողները կարեւորում են նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությունը, որն ավելի քան 30 տարի առաջ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվելուց հետո Եգիպտոս այցելած Իրանի առաջին ղեկավարն է։





























