Հայաստանի ԿԸՀ շենքի դիմաց, այսօր` փետրվարի 7-ին, ժամը 17:00-ին, մեկօրյա հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանին այցելության են եկել «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» հեռուստասերիալի երկու դերասաններ:

Նշենք, որ Արամ Հարությունյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, որտեղ ասված է, որ վերջին խորհրդարանական ընտրություններում ավելի քան 46 տոկոս ձայն հավաքած ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ քաղաքական ուժերի համար եղել են անհաղթահարելի խոչընդոտներ` փողերի լվացման անհիմն մեղադրանք, ճնշումներ համակիրների վրա, գաղտնալսումներ եւ այլն, որի հետեւանքով նախագահական ընտրություններում այդ ուժերը որեւէ թեկնածու չառաջադրեցին:

Նա դիմումում նշել է նաեւ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում թեկնածուներից մեկի վրա իրականացվել է մահափորձ, որը բացահայտված չէ: Հաշվի առնելով վերը նշվածը, նա հայտարարում է, որ 2013թ-ի փետրվարի 18-ի ընտրությունները, ի սկսզբանե անօրինական են:

Հարցին, թե վրան տեղադրելո՞ւ է, թե` ոչ, նախագահի թեկնածուն բացասական պատասխան տվեց, սակայն նշեց, որ մնալու է այդտեղ: «Ինչ վրան: Այնքան մարդ կա, որ տանիք չունի»,- ասաց Արամ Հարությունյանը, հավելելով, որ մոռացել է շախմատի տախտակ բերել եւ, եթե Սերժ Սարգսյանն իր հետ խաղար, ինքը հաստատ կհաղթեր:

Արամ Հարությունյանը չմոռացավ շեշտել, որ վաղը եւ երկուշաբթի կրկին ասուլիսի է հրավիրված: Նվեր Մնացականյանն էլ խոստացել է կոնյակով գալ: Ինքն էլ իր հեթին ավելացրել է, որ «բոնբոներկան» չմոռանա:

«Քաղաքում» հեռուստասերիալի դերասաններ Վահագն Սարգսյանը (սերիալում մարմնավորում է Համոյին) եւ Արմեն Միքայելյանը (մարմնավորում է Գագոյին) ասացին, որ նախկինում էլ ծանոթ են եղել Արամ Հարությունյանի հետ եւ սատարում են նրան: Նրանք մատնանշեցին արտագաղթի հետ կապված Արամ Հարությունյանի գաղափարները: «Այսօր մեզ ամենաշատը հուզում է  արտագաղթը, որովհետեւ լավ չի, որ երկրից մարդիկ այսքան արտագաղթում են` արվեստագետներ եւ հասարակ քաղաքացիներ: Դրա համար տխուր ենք: Համախմբվել ենք կոնկրետ Արամ Հարությունյանի շուրջ»,- ասաց Վահագն Սարգսյանը, հավելելով, որ գիշերը մնալու են նախագահի թեկնածուի մետ:

Արշակ Սադոյանը եւս եկել էր Արամ Հարությունյանին տեսակցելու, ով նշեց, որ թե այս, թե նախորդ իշխանությունների օրոք հացադուլը հարցեր չի լուծում:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am