Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) իր այսօրվա նիստում քննարկել է համակարգչային տեխնիկայի շուկայում գործող «Ֆայն» ընկերության դիմումը, համաձայն որի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրականացվող «Համակարգիչ բոլորի համար» ծրագրին (նաեւ պիլոտային մասին) մասնակցելու համար ընկերությունը մի քանի անգամ դիմել է, սակայն որեւէ պատասխան չի ստացել:
Ինչպես NEWS.am-Ինովացիա-ն տեղեկանում է հանձնաժողովի մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանից, դիմելով Հանձնաժողովին՝ «Ֆայն» ընկերությունը խնդրել է հարուցել վարույթ եւ ուսումնասիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրենց ընկերության նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորելու մասին հարցը: Հարուցված վարչական վարույթի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը» Հանձնաժողովի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ծրագրին կարող են միանալ բոլոր վաճառակետերը, որոնք համապատասխանում են որոշակի չափորոշիչների: Ավելի ուշ, «Ֆայն» ընկերությունը դիմել է Հանձնաժողով, խնդրելով կարճել վարչական վարույթը եւ հայտնել, որ ընկերության Երեւանի խանութն ընդգրկվել է ծրագրի պիլոտային փուլում: Քանի որ ընկերության բարձրացրած խնդիրը կարգավորվել է, Հանձնաժողովն այսօր կարճել է վարույթը:



























