2013թ. փետրվարի 7-9-ին, աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօր` փետրվարի 8-ին իրանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Նույն օրը Նասրոլլահ Քալանթարիի գլխավորած պատվիրակությանը ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ համագործակցությանը վերաբերող, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Նասրոլլահ Քալանթարին Հայաստանի ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հանդիսավոր պայմաններում բացել են պարսկական կողմի աջակցությամբ կահավորված պարսկերենի ուսուցման լսարանը:
Ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի եւ իրանական պատվիրակության միջեւ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ռազմաուսումնական կրթական հաստատությունների միջեւ համագործակցության զարգացման հարցեր:
Այցի շրջանակներում նախատեսվում է իրանական պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Երեւանի Կապույտ մզկիթ, Մատենադարան եւ այլ վայրեր:





























