Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երկրորդ անգամ են փորձել հարձակվել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա:

Ըստ Al Arabiya հեռուստաալիքի, երբ նախագահը ժամանել է Կահիրեում իրանցի դիվանագետներից մեկի տան հանդիսավոր ընդունելությանը, մի մարդ «Մահ Ահմադինեժադին, մահ Բաշարին» բղավելով փորձել է մոտենալ նրան:

Նախագահի թիկնապահներին հաջողվել է կանգնեցնել հարձակվողին, որին հանձնել են եգիպտացի ոստիկաններին: Նրա մոտ ոչ մի զենք չի հայտնաբերվել: Ձերբակալվածի անունը եւ ազգությունը դեռ չի հաղորդվում, գրում է  «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Կահիրեում Իրանի նախագահի վրա առաջին հարձակումը տեղի էր ունեցել փետրվարի 5-ի երեկոյան. մզկիթից դուրս գալիս նրա վրա փորձել էին կոշիկ նետել, սակայն նախագահի թիկնապահներն արագ հեռացրել էին հարձակվողին: