Չի բացառվում, որ մինչեւ նախագահական ընտրություններ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանն ազատ արձակվի, սակայն Մարգար Օհանյանի եղբայրը` ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի նախկին պետ Մուշեղ Օհանյանն առաջարկում է համբերությամբ զինվել եւ դեպքերից առաջ չընկնել:
Հարցին, թե հիասթափվա՞ծ է, որ ներման դիմում գրելուց հետո, մինչեւ օրս Սերժ Սարգսյանը նրան ներում չի շնորհել, Մուշեղ Օհանյանը պատասխանեց. «Չգիտեմ: Չեմ կարող այդ հարցին պատասխանել»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 30-ին, Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Նշենք, որ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ պետական գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատիկանիշներով: Ըստ այդմ, 2009 թվականի հունվարից մինչեւ 2011թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում ոստիկանության ՃՈ տրանսպորտային միջոցների շահագործման համար ՀՀ պետական բյուջեի եւ ՃՈ արտաբյուջետային միջոցների հաշվին ձեռք է բերվել եւ ՃՈ 1-ին եւ 2-րդ սպայական գումարտակներին բաշխելու համար Օհանյանին է հատկացվել 2 480 720 լիտր բենզին:
Ըստ մեղադրանքի, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` կտրոնների տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:Ավելի ուշ Մարգար Օհանյանը ներման դիմում էր փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:





























