Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում, այսօր` փետրվարի 8-ին, ժամը 18.30-ին, կայացել է արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված են մի քանի հարցեր: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը (ֆոտոռեպորտաժ):

ԿԸՀ-ն նախ քննարկել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի ինքնաբացարկի դիմումը եւ այն ընդունվել է, գրանցումն ուժը կորցրած են ճանաչել:

ԿԸՀ նիստին հաստատել են նաեւ սովորական եւ էլեկտրոնային քվեաթերթիկների  նմուշը: Քվեաթերթիկում առկա է 7 թեկնածու: Նրանք են` Բագրատյան Հրանտ, Հայրիկյան Պարույր, Հովհաննիսյան Րաֆֆի, Ղուկասյան Անդրիաս, Մելիքյան Արման, Սարգսյան Սերժ, Սեդրակյան Վարդան:

Նիստին որոշվել է 7 քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանելու ժամը, օրինակ` «Նուբարաշենում» քվերակությունը կսկսվի ժամը 10-ից, իսկ մյուս ՔԿՀ-ներում` 17.00-ից:

Նշենք, որ Հայաստանում փետրվարի 18-ին կկայանան նախագահական ընտրություններ: Սակայն հնարավոր է, որ մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայիկյանը դիմի ՍԴ` ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու պահանջով:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am