ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին իր առաջին մամուլի ասուլիսում Իրանին կոչ է արել միջուկային ծրագրի ճիշտ լուծում գտնել։
Քերրիի խոսքով՝ արեւմտյան երկրների եւ Իրանի միջեւ հետագա զարգացումն ամբողջապես կախված է Թեհրանի ընտրությունից։ Եթե որոշեն ընդլայնել միջուկային ծրագիրը, ապա Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն, եւ երկիրն էլ ավելի կմեկուսանա, հայտնում է Agence France-Presse-ը։

Սակայն, ըստ Քերրիի, եթե Իրանի իշխանությունները Ղազախստանում կայանալիք բանակցություններում հստակ հաշվետվություն ներկայացնեն միջուկային ծրագրի մասին, ապա ԱՄՆ-ն պատրաստ կլինի հիմնախնդրի դիվանագիտական լուծմանը, գրում է lenta.ru-ն։


 «Դիվանագիտության պատուհանը դեռ բաց է»,- ասել է պետքարտուղարը։ ԱՄՆ-ն հույս ունի, որ իրանցիները Ալմաթի կգան խոսակցությանը պատրաստված, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ղազախստանում փետրվարի 26-ին կկայանա Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն «վեցյակի» երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Չինաստանն ու Գերմանիան։