«Պարենային անվտանգություն» հասկացության հիմքը տեղական արտադրանքով բնակչության պահանջարկն առավելագույնս բավարարելն է:
Հայաստանն առայժմ այդ պահանջարկը հագեցնում է մեծ մասամբ ներմուծման հաշվին: Սակայն պարզվում է, որ հնարավոր է աստիճանաբար փոխել իրավիճակը եւ ներքին շուկան հագեցնել տեղական արտադրության որակյալ մթերքով: Հույսը, մասնավորապես, ջերմոցներն են, որոնցից մեկը «Մավաս գրուպ»-ի տնտեսությունն է:
Ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արմենակ Մկրտչյանը տեղեկացրեց, որ երեւանամերձ նորաբաց ջերմոցն ստեղծված է նորարարության վերջին խոսքով եւ առայժմ ընդգրկում է 4,2 հա: Ընկերությունն ուսումնասիրել է շուկան եւ պարզել, որ Հայաստանի բնակչության պահանջարկը մոտ 70-75%-ով բավարարվում է ներմուծման հաշվին:
Երկրի պարենային անվտանգությունը երաշխավորելու գործում, նկատի ունենալով նաեւ բնակլիմայական պայմանները, ընկերության տնօրենը հատուկ նշանակություն է տալիս ջերմոցային տնտեսությունների զարգացմանը, քանի որ Հայաստանի, մասնավորապես, Կոտայքի մարզի բնակլիմայական պայմանները (այստեղ տարվա 300 օրն արեւոտ է) լավագույնս տալիս են այդ հնարավորությունը:
Վերջին տարիներին նկատվող` ջերմոցային տնտեսությունների անկումը նա վերագրեց անհրաժեշտ ծավալի ներդրումների բացակայությանը՝ ընդգծելով, որ ջերմոցը եկամտի լավ աղբյուր կդառնա, եթե մասնագետները հետեւեն նորարարական մտքին եւ ճիշտ պահին ներդրում արվի: Անկման պատճառներից մյուսը ներկրվող լոլիկի էժանությունն է: Հատկանշական է, որ բանջարեղենը հիմնականում ներմուծվում է այն երկրներից, որոնցում ջեռուցման խնդիր համարյա չկա, ինչն ամենաէական գործոնն է տվյալ արտադրանքի ինքնարժեքի, գնագոյացման տեսակետից: Սա, ինչ խոսք, մեծ առավելություն է տալիս ներմուծողներին, բայց, միեւնույն ժամանակ, լուրջ շարժառիթ է, որ տեղական տնտեսությունները լրջորեն մտածեն նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու մասին: Շատ ջերմոցատերեր պարզապես անտեսում են այս ոլորտի նորարարությունները: Մինչդեռ, առանց նորարարության 21-րդ դարում ջերմոցային տնտեսությունը չի կարող գոյատեւել: Հայաստանի պայմաններում ջեռուցման ինքնարժեքը նվազեցնելու լավագույն միջոցը բարձր բերքատվությունն է, ինչը հնարավոր է միայն նորագույն տեխնոլոգիաներ ներդնելով:
Իսկ ի՞նչ նորամուծություններ կան «Մավաս գրուպ»-ի տնտեսությունում, արդյոք դրանք ընկերության ղեկավարներին «իրավունք» են տալիս համարձակորեն մտնելու շուկա:
«Մեր տնտեսությունում բանջարեղեն արտադրելու բոլոր, պայմանականորեն ասած, կարեւոր փուլերն իրականացնում ենք արտերկրի բարձրակարգ մասնագետների վերահսկողությամբ: Բացի այդ, ինչն առավել կարեւոր է, բույսն աճեցնելու շրջափուլերը հագեցած են նորագույն սարքավորումներով` ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով (CO2)հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում: Նշված եւ այլ գործընթացները կառավարելու համար ներդրվել է ավտոմատացված համակարգ`օդերեւութաբանական սեփական կայանով, ինչը գրեթե լիովին բացառում է մարդկային գործոնի օրինաչափ վտանգները: Նկատի ունեմ, որ եթե վերոհիշյալ գործընթացները մարդը կառավարի, ապա էապես կմեծանա դրանք ոչ ճիշտ ժամանակին կատարելու հավանականությունը: Վերը նշված բոլոր միջոցառումները լրջորեն ավելացնում են բերքատվությունը: Ասեմ նաեւ, որ ածխաթթու գազը վերցնում ենք կաթսայատան խողովակից: Փաստորեն, ոչ միայն չենք վնասում բնությունը` ածխաթթու գազ արտանետելով, այլեւ թթվածին ենք արտադրում` նվազեցնելով էկոլոգիական ռիսկերը: Հաջորդ նորույթը կաթիլային ոռոգումն է, իսկ ջերմոցներից մեկում հողի փոխարեն օգտագործում ենք հանքանյութային բամբակ (հիդրոպոնիկայի եղանակ): Նախատեսվում է գազով ջեռուցումը փոխարինել ջերմային պոմպերով. սա նորագույն տեխնոլոգիական համակարգ է, որի ՕԳԳ-ն էապես մեծ է եւ, բնականաբար, կնվազեցնի արտադրանքի ինքնարժեքը»,- նշեց «Մավաս գրուպի» հիմնադիրը:
Ըստ Արմենակ Մկրտչյանի՝ ջերմոցային տնտեսություն ստեղծելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ: «Մավաս գրուպ»-ի 1 հա ջերմոցային տնտեսության համար պահանջվում է մոտ մոտ 2 մլն եվրո ներդրում: Ընկերությունը ջերմոցների նախագծի շրջանակում համագործակցում է հայաստանյան մի շարք խոշոր բանկերի հետ: Ներկայումս լրացուցիչ 10 հա ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով ռազմավարական համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ է ձեռքբերվել «ՎՏԲ Հայաստան» բանկի հետ, եւ 2013թ. մարտից կսկսվի ջերմոցային նոր համալիրի շինարարությունը: Իսկ տեխնոլոգիական գործընկերները, բոլոր սարքավորումների եւ սերմերի մատակարարներն այդ ոլորտում երկու հանրահայտ հոլանդական` Agrotech Didam եւ Debet Schalke ընկերություններն են:
Հայկական ավանդական բուսատեսակները մասին հարցին ի պատասխան, ջերմոցային տնտեսության հիմնադիրը նշեց, որ սելեկցիան` ընտրասերումը, ծախսատար ու ժամանակատար գործընթաց է, եւ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Նիդեռլանդներում, այդ ոլորտն ուղղորդողը պետությունն է: «Այսինքն` գործարարներին են տրամադրվում պետական հովանավորչությամբ աշխատող գիտնակաների տեւական, լրջագույն ու նպատակային գործունեությամբ ստացված սերմերը, բուսատեսակները: Հոլանդիայում, օրինակ, բազմաթիվ ինստիտուտներ են աշխատում նորագույն տեխնոլոգիաները գյուղատնտեսությունում ներդնելու, բույսերի բերքատվությունն ավելացնելու պատվերով: Չնայած այնտեղ արեւոտ օրերի թիվը էականորեն պակաս է, քան, օրինակ, Հայաստանում, այդ երկիրը պտուղ-բանջարեղենի խոշոր արտահանող է: Նրանց համեմատ Հայաստանում պայմանները պարզապես հրաշալի են: Ես հատուկ եմ նշում այդ հանգամանքը՝ նկատի ունենալով, որ ջերմոցային տնտեսության զարգացումը լուծում է շատ կարեւոր՝ երկրի պարենային անվտանգության լուրջ խնդիրներից մեկը: Կարծում եմ՝ կառավարությունը պետք է ավելի հոգատար լինի ոլորտի հանդեպ, խթանի ներդրումները, նպաստի գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգ ձեւավորելու գործին:
Արմենակ Մկրտչյանը համոզմունք հայտնեց, որ զարգացումը հնարավոր է միայն անկաշկանդ մրցակցության պայմաններում: Նրա կարծիքով` ներքին արտադրողը չպետք է վախենա ներմուծումից, որովհետեւ ցանկացած մրցակցություն բխում է ե'ւ արտադրողի, եւ սպառողի շահերից. առաջինն ստիպված է անընդհատ թարմացնել արտադրությունը, բարձրացնել ապրանքի որակն ու նվազեցնել ինքնարժեքը, իսկ վերջինս ստանում է ընտրելու, առողջարար սնունդ ձեռք բերելու հնարավորություն: Այս գործընթացում շատ մեծ է պետության դերը, որը պետք է ընդհանրապես խստորեն վերահսկի շուկայում իրացվող ապրանքի որակը:
«Մավաս գրուպ»-ի գլխավոր տնօրենը չբացառեց, որ հեռանկարում, արտադրության ծավալները մեծացնելուն զուգահեռ, կմտածեն նաեւ արտահանելու մասին: Այս պահին գլխավոր նպատակը ներքին շուկայի պահանջարկը բավարարելն է:

































