Ճապոնացի ոստիկանները հայտնել են փետրվարի 10-ին խորհրդավոր կիբերհանցագործին բռնելու մասին, որը նախորդ տարվա օգոստոսից իրենց հետ «մուկն ու կատու» էր խաղում:

Անցած ամռանը մի քանի ընկերություններ էլեկտրոնային փոստով 13 սպառնալից հաղորդագրություններ էին ստացել: Հասցեատերերի թվում էին եղել Կոմիքսների փառատոնը եւ մանկապարտեզը, որտեղ հաճախում է Ճապոնիայի կայսեր կրտսեր ժառանգորդը՝ արքայազն Հիսահիտոն:

Ձերբակալվել էր չորս մարդ, որոնց համակարգիչներից ուղարկվել էին սպառնալիքները:  Սակայն որոշ ժամանակ անց լրատվամիջոցներն սկսել էին նամակներ ստանալ հաղորդագրությունների իսկական հեղինակից, որը ոստիկանության աշխատակիցներին շնորհակալություն էր հայտնում իրեն պատճառած հաճույքի համար: Պարզվել է, որ բոլոր ձերբակալվածների համակարգիչները նախապես վարակված են եղել ինչ-որ վիրուսով, իսկ այնուհետեւ առանց տերերի ծանուցման նրանց էլեկտրոնային հասցեներից սպառնալիքներով տարբեր նամակներ էին ուղարկվել:

Խորհրդավոր անծանոթը տեղեկացրել էր, որ մոտ ժամանակներս ծրագրում է ինքնասպանություն գործել: Նա հանելուկ էր առաջարկել, որը ճիշտ գուշակելուց հետո էկրանին կատվի լուսանկար էր հայտնվել: Նշվել էր կենդանու գտնվելու վայրը, նաեւ հաղորդվել էր, որ վզակապին որպես իրեղեն ապացույց` վիրուս պարունակող SD-քարտ է ամրացված, գրում է «Բիրժեվոյ լիդերը»:

 «ԱիՖ»-ը հայտնում է, որ ոստիկաններն իսկապես հայտնաբերել էին կատվին նշված հասցեում: Ավելին,  ստուգելով տեղանքի հսկող տեսախցիկները` իրավապաները հայտնաբերել էին նաեւ կիբերահաբեկչի պատկերը, նրա մոտոցիկլի համարանիշը: 

Երիտասարդը ձերբակալվել է: Մասնագետներին հաջողվել  է նրա համակարգչում հայտնաբերել կատվի պատկերով ֆայլեր եւ սպառնալիքների գործի հետաքննության ընթացքի վերաբերյալ մամուլի հրապարակումներ: