Հայաստանի նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հաստատում է տեղեկությունը, որ Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով կալանավորված 46-ամյա Խաչատուր Պողոսյանը եւ 40-ամյա Սամվել Հարությունյանը մասնակցել են իր տան վերանորոգման աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը: Սակայն նա հրաժարվեց արձագանքել այն տեղեկություններին, թե ինքը նրանցից մեկին նաեւ մեքենա է նվիրել:
«Հա մեր տան վերանորոգման աշխատանքներին մասնակցել են: Իսկ, թե ի՞նչ եմ նվիրել, ի՞նչ եմ վաճառել, որեւէ մեկնաբանություն չեմ տալու»,- ասաց Վարդան Սեդրակյանը:
Հարցին, թե վերջին տարո՞ւմ են մասնակցել իր տան շինարարական աշխատանքներին, թե` տարիներ առաջ, Սեդրակյանը պատասխանեց. «Դա արդեն էական չէ: Հետո ի՞նչ է, իմ տա՞նն են վերանորոգել սովորել, որեւէ մեկի տունը չե՞ն վերանորգել: Իմ տանն այնքան մարդ է գործ արել: Որեւէ բան չեմ ցանկանում մեկնաբանել»:
Ի դեպ, Վարդան Սեդրակյանին հարցաքննության չեն հրավիրել: «Եթե մեկն ինչ-որ բան է գրում, ուրեմն ինձ պետք է հրավիրեն հարցաքննությա՞ն: Հրավիրեն, որ ի՞նչ, կապը ո՞րն է: Քանի դեռ պետությունը պետական մակարդակով հայտարություն չի արել, ես այդ թեմային չեմ անդրադառնալու»,- ասաց Վարդան Սեդրակյանը, հավելելով, որ առաջիկայում մամուլի ասուլիս կտա եւ որոշ հարցերի այդ ժամանակ կպատասխանի:
Հիշեցնենք, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել էին: Նրա դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով:
Փետրվարի 7-ին Հայաստանի ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Պարույր Հայրիկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով, ձերբակալվել, ապա կալանավորվել են Երեւան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակում գտնվող 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը եւ 1972թ. ծնված Սամվել Արամայիսի Հարությունյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնի փոխանցմամբ, Ա. Պողոսյանը եւ Ս. Հարությունյանը մահափորձի հանգամանքների վերաբերյալ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























