ԱՄՆ-ում եւ Կանադայում անջատել են իրանական անգլալեզու Press TV հեռուստաալիքը: Intelsat արբանյակային հեռարձակիչը Press TV-ն հանել է  Galaxy 19 արբանյակից հեռարձակվող ալիքների ցուցակից, իսկ իրանական հեռուստաալիքի ներկայացուցիչները տվյալ որոշումն անվանել են «ազատ խոսքի կոպիտ խախտում»:

Թե երբ է պլատֆորմը կասեցրել ԱՄՆ-ում եւ Կանադայում ազդանշանի հեռարձակումը, Press TV-ում չեն ճշտել, գրում է «Լենտա.ռու»-ն:

Ըստ Associated Press-ի, Press TV-ի անջատումը կապված է Իրանի հանդեպ կիրառվող` Թեհրանում միջուկային տեխնոլոգիաների մշակման հետ կապված  պատժամիջոցների փաթեթի հետ:

Press TV-ն Իրանի կառավարության կողմից ղեկավարվող շուրջօրյա անգլալեզու միջազգային ալիք է: Ալիքի գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում: Հեռուստաալիքում աշխատում են միջազգային 26 թղթակիցներ եւ մոտ 400 աշխատակիցներ: