«Բացառվում է, որ Թուրքիան Միացյալ Նահանգներին թույլ տա իր տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել, քանի որ Իրանի հետ մի շատ կարեւոր խնդրով ընդհանուր դիրքորոշոմ ունի, քրդական խնդիրը»,- այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ նախօրեին արած հայտարարությունը՝ Թուրքիայում ՀՀՊ համակարգեր տեղադրելու հնարավորության վերաբերյալ: «Չեմ կարծում, որ Թուրքիան իր համաձայնությունը կտա Միացյալ Նահանգներին: Բացառում եմ, որովհետեւ Թուրքիան Իրանի հետ մի շատ կարեւոր խնդրով ընդհանուր դիրքորոշում ունի. դա քրդական խնդիրն է: Հետեւաբար ունենալով նման լուրջ, սրված խնդիր, դժվար եմ պատկերացնում, որ Թուրքիան համաձայնություն տա նման հենակետի տրամադրումը ԱՄՆ-ին՝ ընդդեմ Իրանի»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով Թուրքիայում Իրանի դեսպանի արած մի հայտարարությանը, թե հնարավոր է Թեհրան-Անկարա-Երեւան համագործակցություն անվտանգության եւ այլ ոլորտներում, Սաֆարյանը նկատեց. «Եթե Երեւանն ահնրաժեշտ է իբրեւ մի կամուրջ, որը ավանդական եւ լավ հարաբերություններ ունի Իրանի հետ, դա ուրիշ խնդիր է: Այսինքն Թուրքիան ցանկանում է ունենալ Հայաստանի միջոնորդությունը: Այլապես մի փոքր անհասկանալի է, թե ինչ է ընկած թուրքական այս շահագրգռության տակ»:
Ըստ Սաֆարյանի՝ Թուրքիան ուղղակի խնդիր ունի ԱՄՆ-ի շահերին դեմ քայլեր կատարելու, եւ փորձում է դրանում ներգրավել նաեւ Երեւանին: «Մինչդեռ Երեւանն ինքը ունի Իրանի հետ այպիսի հարաբերություններ, որոնք որեւէ կերպ ուղղված չեն ԱՄՆ-ի դեմ, եւ կարծում եմ, որ պետք է զգույշ լինի նման գաղափարներին աջակցելուց»,- նշեց քաղաքագետը:




























