«Թուրքիայի քաղաքականությունն էական փոխվել է, ու կասկածում եմ, որ նա կհամաձայնվի ամերիկյան ՀՀՊ համակարգեր տեղադրել իր տարածքում»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի՝ նախօրեին արած հայտարարությունը՝ Թուրքիայի ՀՀՊ համակարգեր տեղադրելու հնարավորության վերաբերյալ: «Այդ համակարգերն ուղղված են Իրանի դեմ, իսկ Թուրքիան այդքան վատ հարաբերությունների մեջ չէ Իրանի հետ, որ նման ակնհայտ թշնամական քայլ կատարի»,- մանրամասնեց փորձագետը:

Վերջինիս կարծիքով, շատ բան կախված է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններից: «Այստեղ կարեւոր է ոչ թե Թուրքիայի, Հայաստանի, այլ երկրների կարծիքը, այլ լուրջ դեր է խաղում ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունները: Ռուսաստանը բավական ցավոտ է ընդունում ՀՀՊ տեղադրումը եվրոպական երկրներում: Նույնիսկ Ռումինիայի դեպքում ՌԴ-ն իր բացասական կարծիքը հայտնեց»:

Անդրադառնալով Թուրքիայում Իրանի դեսպանի արած հայտարարությանը, թե հնարավոր է Թեհրան-Անկարա-Երեւան առանցքի ստեղծում, փորձագետը նկատեց. «Իրանը գոնե հրաարակային, ձեւականորեն ընդունել էր առաջարկը, որ անցած տարի արեց Թուրքիայի վարչապետը՝ Հարավակովկասյան անվտանգության եւ կայունության ապահովման վերաբերյալ: Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է հրաժարվի ցանկացած նման նախաձեռություններից: Պետք է ուսումնասիրենք, նայենք մեր շահը, բայց ես կարծում եմ՝ եթե Թուրքիայի կողմի չվավերացվեն արձանագրությունները, նման նախաձեռնությունները չեն աշխատի»: