Հայաստանյան «Էլբատ» ընկերության մարտկոցները տեղական շուկայում արդեն առաջատար դիրք են գրավում; Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էլբատ» ընկերության ներկայացուցիչ Արսեն Խաչատրյանը: Նշենք, որ ընկերությունն իր արտադրանքը ցուցադրում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում բացված քիմիական տեխնոլոգիաների ցուցահանդեսում:
Ըստ Ա. Խաչատրյանի՝ «Էլբատը» տարեցտարի ընդլայնում է արտադրությունը, ներկայում աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ: Արտադրանքն արտահանվում է նաեւ Վրաստան, Իրան, Ռուսաստան: «Ժամանակի ընթացքում տարածաշրջանում կլինենք գերիշխող»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Ընկերությունն արտադրում է 36-225 ամպեր/ժամ հզորությամբ մարտկոցներ՝ թեթեւ մարդատար եւ բեռնատար ավտոմոբիլների համար: Արտադրության համար օգտագործվում են ժամանակակից տեխնոլոգիաներ, հումքը ներկրվում է Գերմանիայից եւ Իտալիայից:
«Էլբատ» հայ-գերմանական համատեղ ընկերությունը հիմնվել է 2007 թ., իսկ 3 տարի անց տեղի է ունեցել մարտկոցների արտադրության գործարանի բացումը: Ընկերության բաժնետոմսերի 51%-ը պատկանում է գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությանը: Տարեկան արտադրվում է մոտ 300 հազ. հատ մարտկոց:





























