«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է արտաքին կապուղիների թողունակության ընդլայնման մասին: 2013թ-ի փետրվարի 5-ից «ԱրմենՏել» ընկերության ցանցը միացել է առաջին կարգի միջազգային օպերատոր` TeliaSonera ընկերության նոր մայրուղային կապուղուն:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոր ուղղությունը կավելացնի «ԱրմենՏել» ընկերության միջազգային կապուղիների ընդհանուր թողունակությունը 10%-ով:

«Նոր մայրուղային հզորությունների միացումը պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության ինտերնետ ծառայության բաժանորդային բազայի մշտական աճով, սակագնային փաթեթների ավելացմամբ եւ, իհարկե, «էլեկտրոնային» հասարակայնության զարգացմամբ: Սա երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման բնականոն գործընթաց է, որը կբարձրացնի օտարերկրյա ռեսուրսների հասանելիության հուսալիությունն ու արագությունը, կավելացնի մեր ենթակառուցվացքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաեւ հիմք կհանդիսանա կապի եւ ինտերնետի ոլորտում նոր առաջարկների համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ 2010թ. «ԱրմենՏել» -ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության  ծառայություններ մատուցող առաջին օպերատորը, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: 2011թ-ի սեպտեմբերին «ԱրմենՏել»-ը միացրեց իր ցանցն առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից ` Level 3 Communications պրովայդերին: “ԱրմենՏել” ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի եւ Իրանի տարածքով: