Ռուսաստանի ՔԿ գլխավոր վարչությունը Հաշվիչ պալատի ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցել «Նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման կենտրոնի զարգացման հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության ֆինանսական բաժնի տնօրեն Կիրիլ Լուգովցեւի, «Սկոլկովո» մաքսային-ֆինանսական ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Խոխլովի եւ այլ անձանց նկատմամբ, հայտնում է ՌԴ ՔԿ-ի մամուլի ծառայությունը:

Քննության վարկածով՝ 2011թ. «Սկոլկովո» հիմնադրամը հիմնել է  «Սկոլկովո» ՍՊԸ մաքսային-ֆինանսական դուստր ձեռնարկությունը, որի խնդիրն էր մաքսային բեռների ձեւակերպումը: Բյուջեից հատկացված միջոցները ծախսվել են «Սկոլկովո»-ի շենքի վրա, որը վարձակալել էին «Նիկա» ՍՊԸ-ից, որը պատկանում էր Լուգովցեւի ծնողներին: Վարձակալության պայմանագիրն այնպես էր կնքված, որ դրամական բոլոր միջոցները երեք տարվա կանխավճարով են փոխանցվել՝ առանց համաձայնագրի լուծման դեպքում վերադարձի իրավունքի:

Այդկերպ, Լուգովցեւի, Խոխլովի եւ այլ անձանց գործողությունների արդյունքում 23 մլն 801 հազար 100 ռուբլու յուրացումներ են կատարվել  «Սկոլկովո»-ին հատկացված պետական միջոցներից: Ավելին, պարզվել է, որ 300-600 հազար ռուբլի աշխատավարձով 10 հաստիք ունեցող «Սկոլկովո» մաքսային-ֆինանսական ընկերության միջոցով մաքսային ընդամենը մեկ գործողություն է կատարվել:

Նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման կենտրոնի զարգացման հիմնադրամ «Սկոլկովո» ոչ առեւտրային կազմակերպությունը ստեղծվել էր 2010թ. նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ: Նպատակը գիտության զարգացման բարենպաստ միջավայրի ստեղծումն ու ժամանակակից հետազոտությունների հավաքագրումն էր: