Իրանը համոզմունք է հայտնում, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ մասին, այսօր` փետրվարի 12-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեյիսին:

Դեսպանի խոսքով, հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է բացառել լարվածություն ստեղծելու բոլոր հնարավորությունները. «Անհնար է խնդիրը լուծել ուժի կիրառմամբ: Բանակցային գործընթացում պետք է գերակշռեն միջազգային սկզբունքներն ու չափորոշիչները: Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասել է նա: Դեսպանը նաեւ համոզմունք է հայտնել, որ ցանկացած հակամարտություն կարող է կարգավորվել, եթե հավատարիմ մնան միջազգային սկզբունքներին եւ նորմերին:

Հարցին,թ ե Իրանն ինչ կարող է առաջարկել այդ կապակցությամբ, եթե ընդգրկվի որպես միջնորդ, դիվանագետը նկատել է. «Իրանը լավ հարաբերություններ ունի թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ: Մեզ համար բոլոր հարեւանները հավասար են, եւ բոլորի հետ էլ ձգտում են լավ հարաբերություններ հաստատել: Սակայն որոշ հարեւանների, այդ թվում հայաստանի հետ մենք ռազմավարական հարաբերություններ ունենք: Հետեւաբար, ոչինչ չի կարող ազդել մեր սկզբունքային դիրքորոշման վրա այդ հարցում»,- ասել է դեսպանը:

 

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am