Թեեւ  մասնագիտական տեսանկյունից ես այնքան էլ ծանոթ չեմ ժողովրդական երաժշտական գործիքներին, սակայն այն, որ թառն իրանական երաժշտական գործիք է, հայտնի է եղել դարեր առաջ:  Այդ մասին այսօր՝  փետրվարի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսը, պատասխանելով հարցին, թե  ինչպես է վերաբերվում իրանական ժողովրդական թառ երաժշտական գործիքի նկատմամբ Ադրբեջանի հավակնություններին:

« Կան երկրներ, որոնք սեփական ոչինչ չունեն եւ  ուրիշինն են յուրացնում: Ադրբեջանը որպես պետություն հիմնադրվել է 1918թ., հետեւաբար, պետք է  ուսումնասիրել, թե որ հնագույն ժամանակներից է հայտնի թառ երաժշտական գործիքը: Դժվարանում եմ ասել, թե որ ժամանակներից է թառը գործածվում Հայաստանում եւ Իրանում: Համենայն դեպս,  մենք պատրաստ ենք ուսումնասիրելու այդ հարցը», - նշել է դեսպանը:

Դիվանագետը նաեւ ընդգծել է, որ, անկասկած, Երեւանի Կապույտ մզկիթն իրանական ծագում ունի, եւ Իրանն իր գոհունակությունն է հայտնում, որ Հայաստանի մշակույթի նախարարության հետ սերտ համագործակցության արդյունքում  բարձրացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում այն ընդգրկելու հարցը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am