Իրանի եւ Հայաստանի միջեւ Սյունիքի մարզում Իրանի կողմից արոտավայրերի վարձակալման վերաբերյալ կնքված պայմանագիր չկա, եւ տվյալ փուլում հարցը քննարկվում է: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսը:
Ըստ դեսպանի՝ բացի Սյունիքի մարզի ղեկավարության համաձայնությունից, անհրաժեշտ է նաեւ գյուղատնտեսության նախարարության դրական գնահատականը: «Փաստաթուղթը պետք է հաստատվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Կողմերը չեն կարող փաստաթուղթը գաղտնի ստորագրել եւ իրագործել՝ հանրությանն այդ մասին չիրազեկելով»:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ տվյալ փաստաթուղթը հրապարակվել է Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգի ղեկավարության կայքում, դեսպանը նշել է, որ, հնարավոր է, թյուրիմացություն է տեղի ունեցել: Դիվանագետը նաեւ խոստացել է կապվել տվյալ շրջանի ղեկավարության հետ: «Երբ նման պայմանագրեր են ստորագրվում, դրանց պատճենները Իրանի ԱԳՆ-ի միջոցով ուղարկվում են դեսպանատուն: Նման փաստաթուղթ մենք չենք ստացել»: Ռեիսը նաեւ հայտնել է, որ նախագծի իրականացումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ կնպաստի անասունների մինչեւ 7 միլիոն գլխաքանակի ավելացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Նա ընդգծել է, որ հայկական կողմը հնարավորություն կունենա մսամթերք արտահանել Իրան, որը մեծ շուկա է: «Հայաստանն Իրան կարող է արտահանել 2-3 միլիոն գլուխ անասուն, քանի որ Իրանում ապրում է 75 միլիոն մարդ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























