Իրանը հայտարարել է, որ սկսել է ինքնուրույն միջուկային վառելիք արտադրել Թեհրանում հետազոտական ռեակտորի համար: Իշխանությունները հաղորդել են, որ պատրաստ են քննարկել ԱԷՄԳ-ի տեսուչների` Փարչինի ռազմական օբյեկտ այցելելու հարցը:

«Այդ աշխատանքն իրականացվում է: Այդ հաշվով` ԱԷՄԳ-ում տրված բոլոր զեկույցներն ընդհանուր հաշվով սխալ են եղել»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Թեհրանը նաեւ չի բացառել, որ կարող է քննարկել ԱԷՄԳ-ի տեսուչների այցը Փարչինի ռազմական օբյեկտ, որտեղ, իբր, միջուկային զենքի բաղադրիչ տարրեր են թեստավորում: Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը` «Փարչին կատարելիք հնարավոր այցելության քննարկումը կարող է դառնալ ԱԷՄԳ-ի հետ համաձայնության մի մասը»:

Ինչպես ակնկալվում է` դիտորդները Իրան կժամանեն փետրվարի  13-ին, հայտնում է Dni.ru-ն: ԱԷՄԳ-ի դիտորդները նախատեսել են վերականգնել Իրանի ենթադրյալ միջուկային գործունեության հետաքննությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` սպառնալիքներն ու միակողմանի պատժամիջոցները միայն բարդացնում են Իրանի միջուկային խնդրի լուծումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Լավրովը ենթադրել է, որ այդ դեպքում անհրաժեշտ է «ստեղծագործական մոտեցում» ցուցաբերել` ըմբռնելով իրադարձությունների հետագա զարգացումը: