Արեւմուտքը պարբերաբար խոսում է ահաբեկչության դեմ պայքարի մասին, սակայն միաժամանակ խրախուսում եւ ֆինանսավորում է Սիրիայի ահաբեկչական խմբավորումներին: Այդ մասին այսօր՝ փետրվարի 12-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամադ Ռեիսը:
Ըստ դիվանագետի՝ տվյալ պահին Սիրիայի գլխավոր խնդիրն արտաքին ուժերն են, որոնք ահաբեկիչների միջոցով այդ երկրում ներքին հուզումներ են կազմակերպում: «Որոշ երկրներ այլ պետությունների միջոցներով Սիրիա են ուղարկում ահաբեկիչներ: Սիրիան սիոնիստներին դիմակայող պետություն է, այդ պատճառով էլ այդ երկիրը նման փորձությունների է ենթարկվում: Նրանց հիմնական նպատակը Սիրիան մասնատելն է», - նշել է Մուհամադ Ռեիսը: Ըստ նրա ՝ Սիրիայի ներկայիս իրադրությունը երկակի ստանդարտների հերթական վկայությունն է: «Արեւմուտքի ընկալմամբ՝ կան երկրներ, որտեղ ահաբեկչությունն անընդունելի է, եւ կան նաեւ այնպիսիք, որտեղ կարելի է խրախուսել այն»:





























