Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության տարրերի հնարավոր տեղակայումը պաշտոնական Մոսկվայի կտրուկ մերժողական արձագանքն առաջ կբերի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ռուս ռազմական փորձագետ, Ռուսաստանի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը։

Միեւնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, Անկարան, ամենայն հավանականությամբ, կմերժի Վաշինգտոնի հակահրթիռային նկրտումները, քանի որ, պաշտոնական վարկածով, համակարգն ուղղված է Իրանի դեմ, իսկ «Թուրքիան ուզում է բարեկամանալ Իրանի հետ»։

«Համագործակցությունն Իրանի հետ, ինչպես ինձ թվում է, կարող է պատճառ հանդիսանալ ԱՄՆ առաջարկից հրաժարվելու համար։ Հակաամերիկյան տրամադրությունները մեկ անգամ չէ, որ դրսեւորվել են Թուրքիայում, ասենք, նավերի՝ մեկ օրով Սեւ ծովում մնալու հետ կապված մերժումը»,- նշել է Ցիգանոկը։

Միեւնույն ժամանակ, ինչպես նա կարծում է, Թուրքիան իր տարածքում, հնարավոր է, արդեն իսկ հակահրթիռային համակարգ է ստեղծում։

Ցիգանոկի կարծիքով, Ռուսաստանը եւ Թուրքիան ամերիկանիզմի առիթի ներքո լուծում են իրենց ներքին խնդիրները. «Ոչ նա, ոչ էլ մյուսը չեն ուզում, որ ամերիկյան ռազմական նավատորմը ներկա գտնվի Սեւ ծովի տարածքում»։

Ինչ վերաբերում է իրանական գործոնին, որը նշվում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Պարսից ծոցի երկրների տարածքներում հակահրթիռային համակարգի տեղակայման պատճառ, փորձագետը կարծում է, որ Իրանն իրականում չունի այն հրթիռները, որոնք կարող են ԱՄՆ հասնել։

Մեկնաբանելով Ռուսաստանի Ռազմական հայեցակարգը, որը վերջերս հաստատվել էր երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի կողմից, Ցիգանոկը նշել է. «Վերջին 5-6 տարում ՆԱՏՕ-ի ռազմակա ներուժը լուծում է իր տնտեսական խնդիրները։ Եթե ՆԱՏՕ-ն մտնի Ռուսաստանի համախոհների գոտի, հենց այդ դեպքում կարող է լոկալ հակամարտություն ծագել»։

Փորձագետի կարծիքով, ներխուժելով Կովկասի տարածք՝ Հյուսիսատլանտյան դաշինքը լուծում է ածխաջրածնի տեղափոխման խնդիրը։