Թառ նվագելու ադրբեջանցիների ունակությունը նրանց գեներում է եւ փոխանցվում է ժառանգաբար: Նման եզրակացություն կարելի է անել Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության միջազգային հարաբերությունների բաժնի պետ Վասիֆ Այվասզադեի` Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռեիսի հայտարարության վերաբերյալ մեկնաբանություններից: Խոսքը հերթական անգամ թառ գործիքի մասին է:

Վերջերս մամուլի ասուլիսում Իրանի դեսպանը մեղմորեն նկատել ր, որ «թառը հին երաժշտական գործիք է, իսկ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականին»: Այդ դիտարկումը վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, որը փորձում է «սեփականաշնորհել» թառը:

Ադրբեջանի մշակույթի նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ թառ նվագելու ադրբեջանական կատարողական արվեստը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ժառանգության ցանկում: Սակայն չհամարձակվելով բացահայտ մեղադրել դեսպանին, ադրբեջանցի պաշտոնյան, «ճաշը յուղով չես չփացնի» սկզբունքով, ամեն դեպքում սլաքն ուղղել է դեպի հայերը, նշելով. «Համապատասխան նյութերը տեղադրված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում եւ դա արժանի պատասխան է նրանց, հատկապես հայերին, ովքեր շահարկում են այդ հարցը»: Ադրբեջանցի պաշտոնյան, չգիտես ինչու, մոռանում է, որ թառի ոչ ադրբեջանական լինելու մասին, տվյալ դեպքում խոսում է Իրանի դեսպանը, ով հայ չէ: