Ալթայի երկրամասում բացվել է ինտերնետ-խանութ «peredachki.ru» հատուկ կալանավորների համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Ինտերնետային այս կայքը թույլ է տալիս երկրամասում գտնվող գաղութներից մեկի կալանավորների համար տարբեր մթերքներ գնել:
Կայքէջի մթերային տեսականին ունի մոտ հարյուր ապրանքատեսակ: Մեղադրյալներին կարելի է փոխանցել հանքային ջուր, թխվածքաբլիթներ, թեյ, սուրճ, հյութ, կաթնեղեն, մսեղեն և ձկնեղեն: Տեսականին ընդգրկում է նաև կարմիր խավիար և շոկոլադ:
Կատարած գնումների համար պետք է վճարել բանկում կամ գումարը փոխանցել փոստով: Գնված մթերքների առաքումը իր վրա է վերցնում խանութի ադմինիստրացիան:
Եթե այս նախաձեռնությունը հաջողություն ունենա, ապա մթերքներ կառաքվեն նաև երկրամասի մյուս քրեակատարողական հիմնարկներ:




























