«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է որոշ ինտերնետ կայքեր մուտք գործելու սահմանափակումների խնդրին:
Հայտարարությունում ասվում է.
«Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանաբնակ բազմաթիվ ինտերնետ-օգտատերեր ահազանգում են, որ չեն կարողանում մուտք գործել մի շարք կայքեր: Նրանք, մասնավորապես, նշում են, որ էկրանին հայտնվում է հաղորդագրություն, ըստ որի` տվյալ կայք մուտք գործելն արգելափակված է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի կողմից` համաձայն ՌԴ օրենսդրության եւ ՌԴ դատարանի որոշման:
ՏՏ ոլորտի մասնագետների հետ անցկացված խորհրդակցությունների արդյունքում պարզվեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ռուսական «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի հայաստանյան դուստր ձեռնարկություն հանդիսացող «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն է:
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է միջազգային իրավունքի ինքնիշխան եւ անկախ սուբյեկտ, որի տարածքում գործում են բացառապես իր կողմից ընդունված ներպետական եւ միջազգային իրավական նորմերը: Ավելին` Հայաստանի Հանրապետությունը չի միացել 2012թ. դեկտեմբերին Դուբայում կայացած Հեռահաղորդակցության միջազգային միության կոնֆերանսի եզրափակիչ փաստաթղթին, որի դրույթները նախատեսում են ինտերնետային հասանելիության որոշակի սահմափակումներ, ինչից ելնելով էլ «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն իրականացնում է վերոնշյալ սահմանափակումները:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունն արձանագրում է, որ այս կերպ «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կոպտորեն ոտնահարում է ՀՀ քաղաքացու սպառողական շահերը եւ տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքը:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները` «Ազատ դեմոկարտներ» կուսակցության Երիտասարդական միությունը պահանջում է «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն «Ջի Էն Սի-ԱԼՖԱ» ՓԲԸ-ից ներկայացնել սպառիչ բացատրություն խախտումների վերաբերյալ եւ երաշխավորել նման դեպքերի կրկնության բացառումը:
Իր հերթին ՀՀ Կառավարությունից պահանջում ենք միջոցներ ձեռք առնել ՀՀ-ում այլ պետությունների ներպետական օրենսդրության գործողության հետագա հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ»:




























