Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 10-ին ընդունել է ԻԻՀ նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիին:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ միջև մշակութային կապերի ամրապնդումը, նշելով, որ ժամանակակից աշխարհի խնդիրներից շատերի լուծման բանալին գտնվում է հոգեւոր, մշակութային ոլորտում: Կառավարության ղեկավարը կարեւորել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ պաշտոնական այցերը, այդ թվում նշելով նաեւ վերջերս Երեւանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը` ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի համանախագահությամբ: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ այս օրերին Հայաստանի եւ Իրանի գործարարների մասնակցությամբ Թեհրանում կազմակերպվող ARMEX 2010 տնտեսական համաժողովին:

Անդրադառնալով հայ-իրանական մշակութային հարաբերությունների ներկայիս մակարդակին` զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրի ստորագրումը նոր խթան կհանդիսանա համագործակցության հետագա զարգացման համար:

Տիգրան Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Իրանի տարածքում հայկական պատմական եւ հոգեւոր կենտրոնների պահպանման հարցում ԻԻՀ պատկան մարմինների գործունեության մասին: