NASA-ն մտադիր է ուղիղ եթերով ցուցադրել Երկրին մոտեցող աստերոիդը: Ըստ նախնական հաշվարկների` այն Երկրին կմոտենա 27,6 հազար կմ-ով, ինչը նման չափի տիեզերական մարմնի համար ռեկորդ է: Նվազագույն հեռավորությունը կարձանագրվի փետրվարի 15-ին` Երեւանի ժամանակով ժամը 23.25-ին:
NASA –ի կայքում հեռարձակումը կսկսվի ժ. 23.00-ին: Իսկ 23.25-ին, ըստ գիտնականների, ֆուտբոլի դաշտի մեծությամբ 2012 DA14 աստերոիդը առավելագույնս մոտ կլինի մեր մոլորակին. հեռավորությունը կկազմի 27 600 կմ: Մասնագետները կմեկնաբանեն աստերոիդի՝ Ավստրալիայի աստղադիտարանից եւ Հանսթվիլում (Ալաբամա նահանգ) Մարշալի անվան կենտրոնի հեռադիտակից ստացված լուսանկարները, հաղորդվում է կայքում:
«ՄԿ»-ն գրում է, որ NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան 2012 DA14-ն նկատել էր դեռ անցյալ տարի: NASA-ում մի ամբողջ տարի ճշտել են դրա հետագիծը: Գիտնականները հաշվել էին, որ Երկրի հետ 2012 DA14-ի բախումը Հիրոսիմայի վրա գցված ռումբից 1000 անգամ ավելի հզոր կլինի: Գիտնականները վստահեցնում են, որ չնայած հսկայական երկնային մարմինն ավելի մոտ կգտնվի մեզ, քան կապի արբանյակները, բախման ոչ մի վտանգ չկա, աստերոիդը բարեհաջող կսուրա Երկրի կողքով:




























