Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 10-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ, ԻԻՀ նախագահի խորհրդական Մեհդի Մոստաֆավիի գլխավորած պատվիրակությանը:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական բարիդրացիական, մշակութային բազմադարյա հարաբերությունները:

Զրուցակիցները նշել են, որ հարեւան պետությունների պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են Հայաստանի եւ Իրանի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին, եւ, որ Հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը նպաստում են համացանցով հաղորդակցվելու, արբանյակային հեռուստատեսություններով Հայրենիքից հեռարձակվող հաղորդումներին հետեւելու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ օգտագործել:

ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահը նշել է, որ իրենց երկրում հայերը մեծ հարգանք են վայելում եւ հրավիրել սփյուռքի նախարարին Իրան` առավել մոտիկից ծանոթանալու համայնքի խնդիրներին, կրթական եւ մշակութային օջախներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ Իրանի հայկական համայնքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: