Քանի որ Չելյաբինսկի մարզում ընկած երկնային մարմնի նախապատմությունը հայտնի չէ, նրա անկման հետագիծը ճշտված չէ, ապա հնարավոր չէ այն ուղղակիորեն կապել Երկրին մոտեցող 2012 DA14 աստերոիդի հետ: Սակայն նրանց կապը բացառել նույնպես չի կարելի, NEWS.am-ին ասաց աստղաֆիզիկոս, «Տիեզերքը` դարերի խորքից» գիտական աշխատության հեղինակ Ավետիք Գրիգորյնաը` մեկնաբանելով Չելյաբինսկի երկնաքարի եւ այսօր երեկոյան մեր մոլորակի մոտով անցնող աստերոիդի միջեւ կապը: Գիտնականների մի մասը կարծում է, որ երկնաքարն ընկել է աստերոիդի շլեյֆից , իսկ մյուսները դրանց միջեւ որեւէ կապ չեն տեսնում: Գիտնականի խոսքով` թեեւ հավանականությունը, որ երկնաքարն ընել է աստերոիդից, քիչ է, բայց կա:
«2012 DA14 աստերոիդին, եթե այն գիսաստղի մնացորդ է, կարող են ուղեկցել երկնային մարմիններ, քանի որ Արեգակին մոտենալիս նման մարմինները տաքանալով` կտորների են բաժանվում: Հնարավոր է, որ նման կտորներից մեկը առաջ է անցել եւ ընկել: Սակայն դա հնարավոր է պնդել միայն այն դեպքում, եթե հայտնի լինի երկնաքարի հետագիծը: Սկզբունքնեորեն, դա չի բացառվում: Սակայն դա պնդելու համար փաստերը բավարար չեն»,-ասաց նա:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, աստղագետ Արեգ Միքայելյանը նույնպես նշեց, որ դիտարկվում է երկնաքարի եւ աստերոիդի միջեւ կապը, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում երկու տարբեր երկնային մարմինների անցումը քիչ հավանական է: «Այդ իրադարձությունը տեղի է ունեցել մեկ օրվա ընթացքում, այդ իսկ պատճառով որոշ գիտնականեր կարծում են, որ երկնաքարն աստերոիդից պոկված կտոր է: Աստերոիդն ինքը 45 մետր շառավիղ ունի, իսկ ընկած երկնաքարի զանգվածը փոքր է, սակայն հարվածի ուժգնությունը բավականին մեծ է եղել, եւ հայտնի է, որ կան հետեւանքներ: Ինքը` աստերոիդը, որի բախումը Երկրի հետ առավել մեծ աղետ կլիներ, չի ընկնի»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Չելյաբինսկի մարզում երկնաքար է ընկել` առաջացնելով որոշակի ավերածություններ, մասնավորպես, փշրվել են շենքերի ապակիները, կան տուժածներ, այդ թվում` երեխաներ:
Երեկոյան էլ Երկրին ռեկորդային մոտ հեռավորությամբ կանցի 2012 DA14 աստերոիդը: NASA-ն իր կայքում ուղիղ կհեռարձակի այդ իրադարձությունը: Երկրից նվազագույն հեռավորությունը կարձանագրվի երեւանյան ժամանակով ժամը 23.25-ին:




























