Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը մտադիր չէ նախագահական ընտրությունների օրը քվեարկության գնալ, քանի որ ֆիզիկապես ի վիճակի չէ ընտրատեղամաս հասնելու։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ղուկասյանը եւ հավելել, որ կմնա հացադուլի անցկացման վայրում։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ինքն ու իր կողմնակիցները կհայտարարեն քաղաքացիական անհնազանդության մասին։

Միաժամանակ Ղուկասյանը հրաժարվել է նախագահի մյուս վեց թեկնածուների նախընտրական քարոզարշավը մեկնաբանելուց: «Կեղծված ընտրությունները բացառում են, որ հանրությունը կանխորոշի Հայաստանի ապագան, եւ դրանց արդյունքները չեն արտացոլի երկրում իրական վիճակը:

Ցանկացած քաղաքացի ինքը պետք է որոշի՝ գնա՞լ քվեարկության, թե՞ ոչ: Բնականաբար, նախընտրելի թեկնածու ունեցող ընտրողները կգնան եւ կքվեարկեն, սակայն այսօրվա դրությամբ ոչ ոք չի երաշխավորում, որ կհրապարակվեն քվեարկության իրական արդյունքները», - նշել է նա: Ղուկասյանը նաեւ հայտնել է, որ որոշ քաղաքացիներ իրեն տեղեկացրել են իշխանությունների կողմից 5-7 հազար դրամ ընտրակաշառքների բաժանման մասին: «Դա նշանակում է, որ իշխող կուսակցությունը մտադիր է 5-6 միլիարդ դրամի դիմաց գնել մեր երկրի ապագան: Դա էլ րր հերթին նշանակում է, որ նրանք մտադիր են առաջիկա 5 տարում ժողովրդի հաշվին վաստակել նույն 5-6 միլիարդ դրամը»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am