ԱՄՆ-ն ՄԱԿ-ից իր խաղաղարարներին Լեռնային Ղարաբաղում տեղակայելու մանդատ է խնդրել։ Այդ մասին «Արգումենտի ի ֆակտի» թերթի մամուլի կենտրոնում ելույթի ընթացքում հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն երկու անգամ դիմել է ՄԱԿ՝ իր խաղաղարար զորքերին Լեռնային Ղարաբաղում տեղակայելու թույլտվություն ստանալու համար, սակայն ՄԱԿ-ն առայժմ չի պատասխանել։

«ԱՄՆ-ն դեռ չի հրաժարվել Իրան ներխուժելու ծրագրերից, եւ խաղաղարարներին Լեռնային Ղարաբաղում տեղակայելն այդ ծրագրի բաղկացուցիչն է։

Աֆղանստանից դուրս բերված ԱՄՆ-ի զորքերը կտեղակայվեն Ադրբեջանում: Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմի սցենարը կսկսվի Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զորքերի ընդլայնված գործողություններից:  Այնուհետեւ ամերիկյան զորքերը խաղաղարարական նպատակով կմտնեն Լեռնային Ղարաբաղ: Այդպիսով, Ադրբեջանի ցանկությամբ ԱՄՆ-ի զորքերը կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղում՝ որպես խաղաղարար ուժեր»,- եզրակացրել է Զախարովը: