Շրջանառվող լուրերն այն մասին, թե ես այսօր բժիշկներին թույլ չեմ տվել չափել ճնշումս, իրականությանը չի համապատասխանում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահի թեկնածու  Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ շտապօգնության աշխատակիցները հերթապահում են շուրջօրյա, սակայն նրանց օգնությանը դիմելու անհրաժեշտություն չի եղել: «Օրը երեք անգամ նրանք չափում են իմ ճնշումը»: Հարցին, թե որոնք են նման լուրերի ի հայտ գալու պատճառները, նա պատասխանել է, որ իրեն դա բնավ չի հետաքրքրում: 

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հունվարի 21-ից հացադուլ է անցկացնում Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի դիմաց՝ պահանջելով, որ պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցի ընտրություններին։ Հացադուլի ընթացքում նրա առողջական վիճակը պարբերաբար վատթարանում եւ կայունանում է: Նա սահմանափակել է շփումը լրագրողների հետ, փորձում է որքան հնարավոր է քիչ խոսել եւ պահպանել ուժերը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am