Շատերը չեն հասկանում, թե ինչ վտանգներով էր հղի ընտրությունների օրվա հետաձգումը (ֆոտոռեպորտաժ): Այդ մասին, այսօր` փետրվարի 16-ին, Ազատության հրապարակում հավաքված իր փոքրաթիվ ընտրողների առջեւ հայտարարել է «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը` պարզաբանելով, թե ինչու, ի վերջո, որոշեց չհետաձգել ընտրությունները:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, հանրահավաքի սկզբում անձրեւ էր տեղում, եւ հանրահավաքը սակավամարդ էր: Հայրիկյանը նախ շրջեց հավաքվածների մեջ, զրուցեց, ապա մոտեցավ բարձրախոսին: «Մենք արեցինք առավելագույնը եւ մեր ծրագրերը ներկայացնելու, եւ Հայաստանին հասցվող անդառնալի հարվածը կասեցնելու առումով: Եթե հունվարի 31-ին հրեշտակներն ինձ չօգնեին, մենք հիմա կանգնած էինք նոր ընտրությունների առջեւ»,- նշեց Հայրիկյանը` հավելելով, թե ինքնին նոր ընտրությունները վատ բան չեն, բայց «եթե ժամկետը փոխվում է ահաբեկիչների կամքով, դա արդեն շատ բացասական բան է»:

«Զգալի թվով մարդիկ չէին գիտակցում, թե ինչ վտանգներով էր հղի ընտրությունների հետաձգումը: Այդ ահաբեկչությունը կատարել էին հանցավոր տարրերը, իսկ նրանք բնականաբար մեր լավն ու բարին չեն ուզում»,-ասաց նա:

Ըստ թեկնածուի, դիմումը ՍԴ ներկայացնելուց հետո հասկացել է, որ եթե ընտրությունները հետաձգվեն, այդ 15 օրը կօգտագործի ոչ միայն ինքը, այլ նաեւ մյուս թեկնածուները. «Ժամանակային առումով ես միեւնույն է` կորցրած էի»:

Իր դեմ կատարված մահափորձից հետո Հայրիկյանն ու իր թիմն ակտիվորեն աշխատել են, եւ ակնկալում են ժողովրդի աջակցությունը փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում: «Մի ժամ առաջ եղել ենք Էջմիածնում եւ մեր ընդհանրական աղոթքի հիմքում մեկ բան էր ընկած` Տեր Աստված, մի քիչ խելք տուր մեր հակառակորդներին»,- նշեց թեկնածուն: