Ես  քվեարկել եմ կայուն Հայաստանի զարգացման համար, մեր հայրենիքի անվտանգության համար, մեր ապահով Հայաստանի, մեր ապահով ապագայի համար: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ, ՀՀԿ առաջնորդ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

«Համոզված եմ, որ այս ընտրությունները լինելու են ավելի լավը, քան խորհրդարանականը եւ իշխանությունները ամեն ինչ արել են, որ այս ընտրությունները անցնեն օրենքի սահմաններում»,- նշեց նա: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ առավոտվանից սկսած որեւէ լուրջ խախտման ահազանգ չի արձանագրվել, ինչը շատ  լավ է, «դա մեր ժողովրդի, հասարակության ձեռքբերումն է»: Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարը ընտրությունների ընթացքին կհետեւի Կենտրոնական ընտրական շտաբից:

Հարցին, թե ընտրություններից հետո հնարավո՞ր է կոալիցիայի ձեւավորում ԲՀԿ-ի մասնակցությամբ, ԱԺ նախագահն այսպես պատասխանեց. «Ես չեմ բացառում կոալիցիոն ձեւավորման որեւէ ձեւաչափ ամեն ինչ հնարավոր է, ուղղակի սպասենք ընտրությունները ավարտվի, անպայման մեր կուսակցության գործադիր մարմնում կքննարկենք, դուք բոլորդ տեղյակ կլինեք, ոչ մի բան  չեմ բացառում»:

Մեր հարցին, թե ինչ փոփոխություններ են լինելու գործադիրում, նա նշեց, որ այդ մասին կխոսենք ընտրություններից հետո: Հնարավո՞ր է Դուք վարչապետ լինեք, հարցին  էլ ԱԺ նախագահն արձագանքեց, որ դրա հետ կապված իր կարծիքը արդեն հայտնել է մի քանի անգամ եւ այն չի փոխվել:  Դիտարկմանը, թե ընտրություններից հետո որտե՞ղ կցանկանայիք լինել՝ ԱԺ նախագահի, թե՞ վարչապետի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր կարծիքով, դա ցանկություններով չէ: