Ընտրությունների նախնական արդյունքները ՀՀԿ-ի համար գոհացուցիչ են: Այս մասին, այսօր` փետրվարի 18-ին, ՀՀԿ շտաբում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` Exit-poll-ի տվյալներով, 58 տոկոսով հաղթում է գործող նախագահը: «Մեր ունեցած նախնական տվյալներով, էլի գործող նախագահը համոզիչ հաղթանակ է տանում: Կոնկերտ ես  կարող եմ ասել իմ հարազատ Թումանյանի շրջանը, որտեղ 63.1 տոկոս հավաքել է գործող նախագահը եւ 29.7 տոկոս Րաֆֆի Հովհաննիսյանը: Ունենք տվյալներ Տավուշից, Արագածոտնի մարզից, որտեղ նախագահը եւս համոզիչ հաղթանակ է տանում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ ավելացրեց, որ իրենց համար առաջին հերթին էական են, ոչ թե տոկոսները, այլ որակյալ ընտրությունները, որին իրենք հասան:

«Այս իմաստով, այո, հաղթել է մեր հասարկությունը, մեր Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը, որովհետեւ պյուռոսյան հաղթանակն իշխանության համար հաղթանակ չէր լինի: Իսկ այն, որ այսօր բոլորը միաբերան ընդունում են, որ թե ընտրական պրոցեսը, թե քվեարկության օրը օրինական էին եւ ժողովրդավարական, սա խոսում է այն մասին, որ այս հինգ տարիների ընթացքում իշխող քաղաքական ուժը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործել է ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:

Արձագանքելով դիտարկմանը, թե նախնական արդյունքներով Գյումրիում գործող նախագահը պարտվում է, Շարմազանովն արձագանքեց. «Դա ընտրություն է: Մեր նպատակը չի եղել ամեն գնով ստանալ շատ ձայներ, այլ մեր նպատակը եղել է նախեւառաջ կազմակերպել նորմալ եւ որակյալ ընտրություններ, որի արդյունքում ունենալ 50 տոկոսից ավել ձայներ ու հաղթել: Կարծում եմ, որ սա իրականություն է եւ, որեւէ մեկի մոտ կասկած չի առաջանա»: