Այսօր` փետրվարի 19-ի գիշերը, Երեւանում ԳԱԱ դիմաց հացադուլ անող Անդրիաս Ղուկասյանին միացած նստացույցի մասնակիցները, քիչ առաջ` ժամը 3-ին, «Վերջ շինծու ընտրություններին» պաստառով նստացույց են սկսել ԿԸՀ-ի առջեւ: Ինչպես ԿԸՀ-ի մոտից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, նստացույց անողները մոտ 10 հոգի են, նրանք մտադիր են գիշերն անցկացնել ԿՀԸՀ-ի առջեւ:
Հարցին, թե ի՞նչն էր պատճառը, որ որոշվեց վաղը նախատեսված նստացույցը այսօր սկսել, նստացույցի մասնակիցներից Սարո Սարոյանը պատասխանեց, որ ԿԸՀ-ն այս պահին խոշոր մասշտաբի կեղծիքներ է իրականացնում եւ իրենք որոշել են իրենց բողոքը հայտնել հենց ԿԸՀ-ի դիմաց: «Ամեն ինչ անելու ենք, որ ռեժիմը վերջը գա»,-ընդգծեց Սարո Սարոյանը:
Նրանք ակնկալում են, որ իրենց նստացույցին միացողներ կլինեն: Նշենք, որ նստացույցի մասնակիցներին ԿԸՀ-ից որեւէ մեկը չի արձագանքել:
ԿԸՀ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ որեւէ կերպ մեկնաբանություն չունեն տեղի ունեցող ակցիայի վերաբերյալ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











