Ցանկալի կլիներ, որ Հայաստանում նախագահական ընտրությունները քայլ առաջ լինեին ողջ տարածաշրջանի համար: Այս մասին, այսօր` փետրվարի 19-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Տոնինո Պիցուլան, հույս հայտնելով, որ հենց այդպես էլ կլինի:

«2012-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ, այս նախագահական ընտրությունները լուրջ առաջընթաց քայլ են: Այս ժամանակաշրջանում բարեփոխվել է օրենսդրությունը, ինչպես նաեւ լրատվամիջոցները բոլոր թեկնածուների քարոզարշավի հավասար լուսաբանում են ապահովել»,-ասաց նա:

Պիցուլան նաեւ նշեց, որ ընտրական գործընթացը գնահատելիս ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ղեկավարվում է ոչ թե մի երկիրը մյուսի հետ համեմատելու, այլ նույն երկրում նախորդ ընտրությունների հետ համեմատելու սկզբունքով:

Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները, Պիցուլան պատասխանեց, որ իրենց առաքելության նպատակն ընտրությունների արդյունքները գնահատելը չէ, միաժամանակ նշելով, որ նախագահական ընտրությունների ընթացքում մասնակցությունն ավելի ցածր է եղել, քան` խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Իր հերթին, ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի տեղակալ Թինա Շոնը նշեց, որ Հայաստանում նախագահական ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, սակայն քիչ մրցակցային էին:

Շարունակելով իր գործընկերոջ միտքը, Պիցուլան ընդգծեց, որ թեկնածուների քարոզարշավը նույնպես հետաքրքիր չէր, քանի որ չկային դեբատներ, իսկ նրանց նախընտրական ծրագրերը բարդ էին ընտրողների համար: