Հունվարի 21-ից Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց հացադուլ անող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, այսօր` փետրվարի 19-ին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի հրապարակումից հետո կդադարեցնի հացադուլը եւ կգնա տուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Անդրիաս Ղուկասյանը:

«Հացադուլը կավարտվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների նախնական զեկույցը հրապարակելուց հետո, դրանից հետո բնականաբար կտեղափոխվեմ տուն եւ հետհացադուլային պրոցեսը տան պայմաններում կանցկացնեմ»,- նշեց նա: Այսօր Հանրապետական գենետիկայի հետազոտությունների կենտրոնում նա երրորդ անգամ արյուն է հանձնել: Հարցին, թե այցելելո՞ւ է բուժհասատատություն` համալիր հետազոտություն անցնելու նպատակով, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ դա բժիշկների որոշելիքն է: Հացադուլից դուրս գալուց հետո Անդրիաս Ղուկասյանն ասուլիս չի անի, քանի որ ֆիզիկապես չի կարող, կտարածի հայտարարություն:

Անդրադառնալով ԿԸՀ-ի արդյունքների հրապարակմանը` նա ասաց, որ որեւէ սպասելիք չուներ քվեարկության արդյունքներից: «Այդ քվեարկության արդյունքները չեն արտահայտում հանրության կամքը: Գտնում եմ, որ անհրաժեշտ է ուժերի միավորում, որպեսզի կարողանանք պայքարել այս  դրության դեմ»,- նշեց նա:

Անդրադառնալով մի շարք մեծ քաղաքներում Սերժ Սարգսյանի պարտությանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակին, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ առաջընթաց կլիներ, եթե մենք ունենայինք ազատ ընտրություններ, եւ այդ ընտրություններում հաղթեր նա, ով ձեռք է բերում վստահություն: «Բոլորից շատ հավաքել է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը եւ դա չի համապատասխանում հանրության կամքի դրսեւորմանը: Նման ընտրությունները շինծու են, որովհետեւ մարդկանց մի զգալի հատված հարկադրաբար է քվեարկել կամ ընտրակաշառքի ազդեցության տակ: Այսօր այս ընտրության արդյունքների մասին խոսելն անիմաստ է, ես այդ ընտրությունների արդյունքները չեմ ճանաչում, եթե Սերժ Սարգսյանի թեկնածությունը չգրանցեին, մենք կունենայինք ազատ ընտրություններ»,- նշեց նա:

Անդրիաս Ղուկայսանը չանդրադարձավ իր հավաքած ձայներին` նշելով, որ  իր արդյունքները չի նայել: «Ես չեմ մասնակցել քարոզարշավին, իմ քարոզարշավը շատ սահմանափակ է եղել, մինչ ընտրական պրոցեսը տարածել եմ  նախընտրական ծրագիրը, ուստի` ես չեմ հետապնդել ձայներ հավաքելու նպատակ, որովհետեւ կարծում եմ, որ դա անիմաստ է շինծու ընտրությունների պարագայում»:

Անդրիաս Ղուկասյանը չի զղջում  հացադուլ անելու իր քայլի համար, ավելին` եթե ժամանակը հետ տային, ապա նորից նույնկերպ կվարվեր: Նա սպասում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականին, որ նրանք ընտրությունները ճանաչեն շինծու:

«Ինձ համար կարեւոր են դիրքորոշումները, ոչ թե սպասելիքը, դրանք հնարավորություն են տալիս կողմնորոշվել եւ անձնական քաղաքական գործունեությունը կազմակերպել: Ես երբեք որեւէ մեկից ակնկալիքներ չեմ ունեցել եւ չեմ ունենալու»,- նշեց նա` հավելելով, որ անկախ նրանից, թե ինչ կլինի գնահատականը, գիտի, թե ինչ է անելու:

Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ լինելու է պայքարի երկրորդ փուլ, սա պայքարի առաջին փուլն է: Թե պայքարի երկրորդ փուլում որ ձեւն են ընտրելու, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ դա կլինի կոլեկտիվ գործողության փուլ եւ կախված կլինի պայքարին միացած քաղաքացիական եւ քաղաքական համատեղ խմբերից:

«Դիրքորոշուոմները անհրաժեշտ են, որպեսզի հասկանանք, թե միջազգային որ քաղաքական ուժի հետ ինչ հարաբերություններ ունենանք եւ ինչպես աշխատանեք։ Եթե դիտորդները կանգնեն քրեաօլիգարխիկ համակարգի կողմը եւ փորձեն լեգիտիմացնել այս ընտրությունը, սա նոր իրադրություն կստեղծի ընդդիմադիր գործիչների համար` պայքարել ոչ միայն երկրի ներսում, այլեւ այն միջազգային ուժերի դեմ, որոնք սատարում են ռեժիմին»,- նշեց նա:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am