Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կրկին հանդես է եկել Իսրայել պետությունը ոչնչացնելու օգտին: Նա իր սիրիացի գործընկեր Բաշար Ասադի հետ հեռախոսային զրույցում առաջարկել է ոչնչացնել Իսրայելը, եթե վերջինս նոր պատերազմ սկսի արաբների դեմ:

Ահմադինեջադն իր զրուցակցին ասել է, թե ինքը տեղեկություններ ունի, որ Իսրայելը մտադիր է ռեաբիլիտացվել Գազայի հատվածում եւ Լիբանանում իր ձախողումներից հետո` նոր զինված հակամարտություն սկսելով Մերձավոր Արեւելքում: Հաղորդում է Isra գործակալությունը:

Նշենք, որ Իրանի եւ Սիրիայի միջեւ հարաբերությունների ամրապնդումը տեղի է ունենում Սիրիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի նշանակման ֆոնին: Նախորդ դեսպանը հետ էր կանչվել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունից հետո, որի կազմակերպման մեջ կասկածում էին Սիրիային: Դամասկոսը հաստատել է Վաշինգթոնի կողմից ներկայացված դեսպանի թեկնածությունը, եւ հիմա սպասվում է նրա նշանակումը: