«Արմենթել» ընկերությունը վերսկսում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար ֆիքսված կապի հեռախոսագծերի անվճար տեղադրման ակցիան փետրվարի 15-ից մինչեւ մարտի 15-ը: Ինչպես NEWS.am-Ինովացիա-ին տեղեկացրին «Արմենթել» ընկերության մամուլի ծառայությունից, Beeline ֆիքսված հեռախոսագիծ տեղադրել ցանկացողները հնարավորություն ունեն միացումն անվճար իրականացնել։ Մինչ ակցիայի մեկնարկը, հեռախոսագծի միացման արժեքը կազմում էր 12000 դրամ ֆիզիկական և 14400 դրամ` իրավաբանական անձանց համար:

Հիշեցնենք, որ ֆիքսված կապի անվճար տեղադրման ակցիան հայտարարվել էր նախորդ տարվա դեկտեմբերին եւ շարունակվել է մինչեւ այս տարվա հունվարի 31-ը:

Ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի խոսքով՝ ընկերությունն ստացել է Beeline ֆիքսված հեռախոսահամարների միացման բազմաթիվ հայտեր: «Առաջնորդվելով մեր հաճախորդների ցանկություններով, որոնք այս կամ այն պատճառներով չեն կարողացել միանալ մեր ֆիքսված ցանցին, մենք որոշել ենք կրկնել ակցիան»,- մեկնաբանելով նախաձեռնությունը՝ նշել է «Արմենթելի» գլխավոր տնօրենը։