Ամերիկյան աէրոտիեզերական գործակալության (NASA) եւ Ջեներալ Մոթորսի (GM) ինժեներները համատեղ ուժերով մշակել են «աշխարհի ամենահմուտ ռոբոտը»՝ «Ռոբոնավտ-2»-ը («Robonaut2»), որը նախատեսված է ինչպես տիեզերքում, այնպես էլ ցամաքային գործարաններում մարդկանց աշխատանքին աջակցելու համար: Այդ մասին հաղորդում է msnbc-ն:

Ռոբոտը, որ կրճատ անվանվում է R2, կրկնում է մարդու տեսքը՝ գոտկատեղից վեր, եւ մշակվել է այնպես, որ աշխատի նույն վայրերում եւ կատարի նույն այն գործողությունները, որ անում են մարդիկ:

GM-ն ու NASA-ն մշակման վրա ծախսել են 3 տարի: GM-ը հույս ունի, որ ռոբոտը կօգտագործվի ապագայի ավտոմեքենաների անվտանգության առաջավոր համակարգերի մշակման համար, նաեւ կօգնի մեծացնել արդյունավետությունը ընկերության գործարաններում: NASA-ն իր հերթին ցանկանում է օգտագործել ռոբոտը՝ որպես աստղագնացների օգնական՝ բարդ առաքելությունների ժամանակ:

«Ռոբոնավտ-2»-ը «Ռոբոնավտի» ժամանակակից հետնորդն է, որը ժամանակին ստեղծվել էր NASA-ի եւ Պենտագոնի կողմից: Ռոբոնավտ-2-ը ունի մարդկային իրան, գլուխ, ձեռքեր եւ մատներ: