2010 թվականի Օլիմպիական խաղերը պատմության մեջ կլինեն առաջին խաղերը, որի ընթացքում հեռախոսով հեռարձակումների եւ ինտերնետով ցուցադրումների քանակը հավասար կլինի հեռուստատեսությամբ հեռարձակվող ժամաքանակներին, այն է՝ գրեթե 21 հազար ժամի։ Այս մասին հաղորդում է GZT.ru-ն:
Վանկուվերից ուղիղ հեռարձակումները կիրականացնեն 40-ից ավելի կայքեր եւ հեռուստաընկերություններ։ Իսկ կանադացի համացանց օգտագործողները հնարավորություն կունենան իրենց համակարգիչներով հետեւել մրցումների ամեն մի վայրկյանին։
Հնարավոր է, որ այս ամենի պատճառով Օլիմպիադայի հեռարձակումը հեռուստատեսությամբ շահավետ չլինի։ Օրինակ՝ արդեն հայտնի է, որ NBC ամերիկյան հեռուստաընկերությունը այդ պատճառով մեծ կորուստներ կունենա։
The New York Times պարբերականի տվյալներով, գովազդներից ստացված եկամուտները բավարար չեն լինի հեռարձակման լիցենզիա ստանալու ծախսերը ծածկելու համար։ Դիկ Էբերսոլը, ով խաղերի հեռարձակման պրոդյուսերն է, հայտարարել է, որ կորուստներն անխուսափելի են՝ չնայած որ գովազդի վաճառքի ծավալները ամառային եւ աշնանային լուրջ անկումից հետո սկսել են աճել։
Նշենք, որ NBC հեռուստաընկերությունը միջազգային օլիմպիական կոմիտեի խոշոր գործընկերներից է։ Հեռուստաալիքը հեռարձակման իրավունք ստանալու համար ծախսել է ավելի քան 2 մլրդ դոլար, ինչը 3 անգամ ավել է նախորդ օլիմպիական խաղերի վրա ծախսված գումարից։




























