Փետրվարի 20-ին ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ ոստիկանության պետն անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու եւ պատշաճ հասարակական կարգ պահպանելու ուղղությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունն է հրավիրել հետընտրական շրջանում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին եւ պահանջել բոլոր իրավիճակներում առաջնորդվել օրենքի գերակայության սկզբունքով: Ոստիկանության պետը, միեւնույն ժամանակ, ընդգծել է քարոզարշավի ընթացքում եւ ընտրությունների օրը արձանագրված իրավախախտումների արագ ու լիարժեք քննության անհրաժեշտությունը:

Վլադիմիր Գասպարյանը կարգադրել է ամեն օր հաշվետվություն ներկայացնել ընտրախախտումների քննության ընթացքի վերաբերյալ եւ արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հասարակությանը:

Ոստիկանության պետն անդրադառնալով արտաքին ծառայության խնդիրներին՝ կրկին ընդգծել է այդ ոլորտում իրականացվող աշխատանքի գլխավոր սկզբունքները:

Վլադիմի Գասպարյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջել է ուսումնասիրել ընտրատեղամասերում կատարված տեսագրությունները եւ ըստ արդյունքների կարգապահական տույժի ենթարկել իրենց ծառայությունը ոչ պատշաճ կատարած ոստիկաններին, իսկ հանցակազմի առկայության դեպքում դնել նաեւ քրեական պատասխանատվության հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել նաեւ լրատվամիջոցներում տեղ գտած բոլոր հաղորդումներն ու ահազանգերը, կատարել պատշաճ քննություն եւ հասարակությանը ներկայացնել օրինախախտ ոստիկաններին:

Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է օրինահարգություն պահանջել նաեւ հանրային հավաքների մասնակիցներից՝ կազմակերպիչներին բացատրելով օրինականության պահպանման անհրաժեշտությունը: Դրան ոստիկանությունը կարող է հասնել բացառապես վերքաղաքական, վերկուսակցական, վերանձնային սկզբունքայնությամբ եւ հանրության հավանությանն արժանացած  գործելակերպով:

Ոստիկանության ծառայողներից օրինապահություն ու հանդուրժողականություն պահանջելով հասարակության հանդեպ՝ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել է միեւնույն ժամանակ անհանդուրժող լինել իրենց օրենքից եւ օրինականությունից վեր դասողների, ոստիկանի նկատմամբ ոտնձգություն կատարողների, համակեցության կանոնները ոտնահարողների դեմ:

Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ թեեւ ծանրաբեռնվածությանը՝ ոստիկանության ստորաբաժանումները պարտավոր են լիարժեք իրականացնել իրենց գլխավոր գործառույթը՝ պայքար հանցավորության դեմ, հանցագործությունների կանխարգելում եւ բացահայտում, հասարակական կարգի պահպանում: