Ճապոնական Sony-ն Նյու Յորքում ներկայացրել է նոր՝ PlayStation 4-ը: Այն վաճառքում կհայտնվի 2013թ. վերջին: Նախորդ՝ PlayStation 3-ը թողարկվել էր 2006թ.:

PlayStation 4-ը ստանդարտ ծրագրային ապահովում կունենա եւ X86 պրոցեսոր: Այն կունենա 8 գբ օպերատիվ հիշողություն, նաեւ PS Vita-ին ինտեգրվելու հնարավորություն, որը կարելի կլինի կիրառել հեռակա խաղի ժամանակ: Սարքը լայն ներգրավվածությունկունենա սոցիալական հարթություններում, որը թույլ կտա տեսախաղերին նվիրված համաշխարհային սոցիալական ցանց ստեղծել, գրում է lenta.ru-ն:

PlayStation 4-ի պաշտոնական արժեքը առայժմ չի նշվում: Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ նոր սարքը կարող է արժենալ 400 դոլարից մինչեւ 400 ֆունտ (600 դոլար):

Վերջին տարիներին Sony-ն զգալի ֆինանսական դժվարություններ է կրում: Ձեռնարկության  հաշվետվությունները բազմամիլիարդանոց կորուստներ են պարունակում, սակայն ըստ վերլուծաբանների, մի շարք հաջող արտադրանքներ եւ դոլարի նկատմամբ իենի  արժույթի անկումը  կարող են  դրական ազդեցություն ունենալ ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, գրում է gazeta.ru-ն:

2011թ.  հաքերները կոտրել էին  ինտերակտիվ PlayStation Network-ը (PSN) եւ դրա վերականգնման համար պահանջվել էր շաբաթներ: