Կաբարդինո-Բալկարիայի Վերին Կուրպ բնակավայրի մոտ հայտնաբերվել են հարավային մամոնտի հազվադեպ մնացորդներ: Դրանք հայտնաբերել են Նալչիկի երկրաբան-հետազոտողներ Մարիա եւ Վիկտոր Կոտլյարովները:
«Ժայռի փլուզման ժամանակ, կավե պատյանի շնորհիվ մամոնտի ժանիքը պահպանվել է, իսկ մյուս ժանիքի մի մասը` մոտ մեկ մետր երկարությամբ, հետազոտողները հասցրել են նկարել, սակայն ոսկորը հենց նրանց աչքի առաջ մանր կտորների է տրոհվել, պաշտպանիչ շերտի բացակայության պատճառով»,- Վիկտոր Կոտլյարովի պատմածը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով` մեծ հավանականությամբ կարելի է խոսել ոչ թե առանձին կմախքի, այլ մինչպատմական կենդանիների մի ամբողջ գերեզմանոցի մասին:
Հարավային մամոնտը կամ հարավային փիղը, չորս մետր բարձրությամբ կենդանի է` մոտ նույն քաշով պտուտականման ժանիքներով:
Կորսված փղերի հսկայական ընտանիքն ապրել է մոտ 2,6-ից մինչեւ 0,7 մլն տարի առաջ: Նա առաջինն է լքել մամոնտի աֆրիկյան հայրենիքը եւ հայտնվել Եվրասիայում, որը երկու միլիոն տարի առաջ բարեխառն կլիմայով էր առանձնանում:
Ներկայումս հայտնաբերվել են հարավային փղի համեմատաբար պահպանված ամբողջական կմախքներ. նրանցից երեքը պահվում են Ռուսաստանում, երկուսը` Իտալիայում, մեկական` Ֆրանսիայում ու Սերբիայում:




























