«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը , ով պաշտոնական տվյալներով հավաքել է մոտ 37 տոկոս ձայն եւ հայտարարել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին, ուղեւորվել է Հայաստանի նախագահի մոտ` բանակցությունների:
Նրա հետ ներս է մտել նաեւ որդին` Կարինը, ինչպես նաեւ իր օպերատորը եւ լուսանկարիչը: Նախագահական նստավայրի դիմացի մայթին, Բաղրամյան մետրոյի հարեւանությամբ հավաքված են մեծաթիվ մարդիկ, ովքեր գոռում են «Րաֆֆի նախագահ», «Սերժիկ հեռացիր»:
Ազատության հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Դատելով գործող կուսակցության մամուլի քարտուղարի հայտարարություններից` Սերժ Սարգսյանը չի ընդունել իմ առաջարկը Ազատության հրապարակ գալու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե Սարգսյանը պատրաստ է ինձ ընդունել ցանկացած պահի: Հարգելով երրորդ նախագահի ներդրումը անկախ Հայաստանի պատմության մեջ` ես ընդունում եմ այդ հրավերն ու այժմ ուղեւորվում եմ նրա մոտ` բանակցությունների, որպեսզի ելք գտնենք ճգնաժամից դուրս գալու համար»:
Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ազատության հրապարակում հաջորդ զանգվածային հանդիպումը կայանալու է վաղը, 17:00-ին: Հովհաննիսյանի մի քանի հարյուր կողմնակիցներ որոշեցին ուղեկցել նրան: Ներկայումս Բաղրամյան պողոտայով ինքնաբուխ երթ է, որի մասնակիցները վանկարկում են «Հաղթանակ», հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am











