Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ նախագահական նստավայրում է: Նրա հետ միասին նախագահականում են գտնվում մեկ օպերատոր եւ նրա որդին` Կարին Հովհաննիսյանը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Հովհաննիսյանը շուրջ կես ժամ գտնվում է նստավայրում: Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հակառակ մայթին՝ մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մուտքի մոտ, հավաքվել են ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցներ, որոնք որոշել են սպասել Հովհաննիսյանի դուրս գալուն: Ավելի վաղ նրանք ինքնաբուխ երթով հետեւել էին Րաֆֆի Հովհաննիսյանին Ազատության հրապարակից դեպի նախագահի նստավայր:

Րաֆֆի Հովհաննիսյանը ավելի վաղ հետաձգել էր այսօր նախատեսված հանրահավաքը եւ նշանակել վաղը, ժամը 17-ին: Դրանից հետո Հովհաննիսյանն ուղեւորվել էր նախագահի նստավայր: