Ռուսաստանի ԳԼՈՆԱՍՍ համակարգում «տիեզերական յուրացումների» պատմությունը համալրվել է նոր դրվագներով. Խուզարկություններ են կատարվել «Գոնեց» արբանյակային համակարգի նախկին ղեկավարի տանը, որը մասնակցում է ԳԼՈՆԱՍՍ ծրագրին: Ալեքսանդր Գալկեւիչի մերձմոսկովյան քոթեջից տարել են համակարգիչները, բայց նրան չեն ձերբակալել:
Գործը վերաբերում է ընկերությունում Գալկեւիչի օրոք գրանցված «մեռած հոգիներին», որոնք փաստացի ոչ մի աշխատանք չէին կատարում, հայտնում է «Ինտերֆաքսը»: Քննությունը չի բացառում, որ այդ միջոցով ձեռնարկություններում յուրացումներ են կատարվել:
Ալեքսանդր Գալկեւիչը «Գոնեց»-ի պաշտոնը լքել էր 2012-ի հուլիսին: Ընկերության սնանկացման պահին նախկին ղեկավարը «ոսկե պարաշյուտի» համար 15 մլն ռուբլու հայց էր ներկայացրել, սակայն ընկերությունը շահել էր գործը: «Կոմերսանտ»-ը գրում է, որ պարաշյուտի հետ կապված ակնկալիք ուներ նաեւ Գալկեւիչի որդի Մաքսիմը, որն ընկերություն էր եկել հոր հեռանալուց 1,5 ամիս առաջ: Մաքսիմը 1,725 մլն ռուբլի էր պահանջում, սակայն դատարանը հայցը չէր բավարարել:
Հրթիռատիեզերական բնագավառում Ալեքսանդր Գալկեւիչին համարում են Ռոսկոսմոսի նախկին ղեկավար Անատոլի Պերմինովի մտերիմը:



























