Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տվյալով՝ Իրանը Նաթանզի միջուկային օբյեկտում նոր ցենտրիֆուգներ է տեղադրել: Իր զեկույցում ԱԷՄԳ-ը տեղեկատվություն է տարածել IR-2m տեսակի 180 նոր ցենտրիֆուգների մասին:

Այժմ իրանցի միջուկաբանները 1970-ականներին մշակված IR-1 ցենտրիֆուգներ են օգտագործում: Նոր սարքավորումը, փորձագետների տվյալով, առայժմ չի աշխատում, սակայն ցենտրիֆուգների գործարկումը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Եթե ամեն ինչ հաջող անցնի, Իրանը զգալի կարագացնի նյութի վերամշակումը, որը, ըստ Արեւմուտքի, կօգտագործվի միջուկային զենք ստեղծելիս, հայտնում է «Կոմերսանտը»:

Reuters-ը գրում է,  որ ըստ  ԱԷՄԳ-ի տվյալների` ներկայումս Իսլամական  Հանրապետությունն ունի մինչեւ 20% հարստացված 167 կգ ուրան: Այսինքն Իրանն ունի հարստացված ուրանի պաշարներ, որոնք կազմում են  առաջին ատոմային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ ընդհանուր քանակի 67-76%-ը:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Նաթանզում ուրանի հարստացման համար  ավելի ազդեցիկ  ցենտրիֆուգի օգտագործումը Վաշինգտոնում դիտարկում են որպես հերթական սադրանք:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ալմաթիում պետք է տեղի ունենա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը  «վեցյակի» ձեաչափում (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամներ եւ Գերմանիան):